7 հոկտեմբերի, 2024 թ.
լուրեր
Լիի խմբերում վիճակի գնահատումից մինչև ռոբոտների պատկերացում
Հոկտեմբերի 7-ին, Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ), Դելավերի համալսարանի մեխանիկական ճարտարաագիտության ամբիոնի վարիչ, Ուիլիս Ֆ. Հարինգթոնի անվան պրոֆեսոր Գրեգորի Չիրիկջյանը անցկացրեց «Լիի խմբերում վիճակի գնահատումից մինչև ռոբոտների պատկերացում» (“From State Estimation on Lie Groups to Robot Imagination”) թեմայով սեմինար։
Սեմինարն ընդգրկում էր հավանականության տեսության, հարմոնիկ անալիզի, ռոբոտաշինության մեջ երկրաչափության կիրառության և մի շարք այլ թեմաների հետ առնչվող դիտարկումներ։ Պրոֆեսոր Չիրիկջյանը խոսել է ժամանակակից ռոբոտների բանականության սահմաններն ընդլայնելու մասին՝ առանձնացնելով «պատկերացնելու» ընդունակությունը, անծանոթ առարկաները սկանավորելու, դրանց հնարավոր կիրառությունները մոդելավորելու և այնուհետ դրանք իրական աշխարհում օգտագործելու հնարավորությունը։ Այս կերպ ռոբոտները կարող են դատողություններ անել այն առարկաների մասին, որոնց նախկինում չեն հանդիպել։ Հնարավորությունների գնահատումից հետո ռոբոտը գործողություններ է կատարում իրական աշխարհում, ինչը հանգեցնում է իրական աշխարհից դեպի սիմուլյացիոն միջավայր և հակառակ ուղղությամբ գիտելիքի փոխանցմանը։ Վերոնշյալ գաղափարների իրագործման համար օգտագործվում են հավանականության տեսության մեթոդներ Լիի խմբերի համար։ Այս մաթեմատիկական մեթոդները մշակվել են Գրեգորի Չիրիկջյանի կողմից՝ շարժական ռոբոտների վիճակի գնահատման նպատակով։
Սեմինարի ընթացքում պրոֆեսոր Չիրիկջյանը ներկայացված մեթոդների փորձնական կիրառության մի շարք տեսանյութեր ցուցադրեց, ինչպես նաև խոսեց ռոբոտաշինության մեջ մեծ լեզվական մոդելների ինտեգրման հետ կապված ապագա ծրագրերի մասին։
Ներկաներն ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին և ուղղեցին բազմաթիվ հարցեր՝ օգտվելով ժամանակակից ռոբոտաշինության զարգացումների վերաբերյալ ավելին իմանալու հնարավորությունից։
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ