9 հոկտեմբերի, 2026 թ.
լուրեր
Վարշավայից Թուլուզ․ Հայաստան–Եվրոպա ավիատիեզերական համագործակցության ամրապնդում. Ամփոփում․
2026 թվականի հոկտեմբերի 5–9-ը EU4Innovation East ծրագրի նախաձեռնությամբ Լեհաստանում և Ֆրանսիայում կազմակերպվել է ավիատիեզերական ոլորտի ճանաչողական այց՝ համախմբելով Հայաստանի գիտահետազոտական, արդյունաբերական և նորարարական էկոհամակարգի ներկայացուցիչներին։ Հայկական պատվիրակության կազմում էր նաև ԳՆԿԿ հետազոտող, տեխնիկական մենեջեր Հայկանուշ Դարբինյանը, Bazoomq-ի, AIF-ի, Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի, Հայաստանի ամերիկյան համալսարանի (AUA), EIF-ի, Geocosmos-ի, Gituzh-ի և Geovibe-ի ներկայացուցիչների հետ միասին։ Պատվիրակությանն ուղեկցել են EU4Innovation East ծրագրի տնօրեն Ջուլիեն Շմիթը և Հայաստանում ծրագրի համակարգող Նժդեհ Հովհաննիսյանը։
Այցի նպատակն էր խթանել մասնագիտական և տեխնիկական փորձի փոխանակումը, ամրապնդել ինստիտուցիոնալ գործընկերությունը և ուսումնասիրել Հայաստանի ու եվրոպական ավիատիեզերական և տիեզերական նորարարական էկոհամակարգերի միջև համագործակցության նոր հնարավորությունները։
Վարշավայում ծրագիրը հյուրընկալվել և համակարգվել է ABGi Poland-ի կողմից։ Հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Լեհաստանի տիեզերական ոլորտի առանցքային կազմակերպությունների, այդ թվում՝ Creotech Instruments-ի, Łukasiewicz Research Network – Institute of Aviation-ի, ICEYE-ի, PIAP Space-ի, SENER-ի և Polish Space Industry Association-ի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումները հնարավորություն են տվել քննարկել արբանյակային տեխնոլոգիաների, տիեզերական ռոբոտատեխնիկայի, գիտահետազոտական և նորարարական ոլորտներում հնարավոր համագործակցությունը։
Հոկտեմբերի 7–9-ը պատվիրակությունը շարունակել է ճանաչողական այցը Թուլուզում՝ Եվրոպայի ավիատիեզերական և տիեզերական նորարարությունների առաջատար կենտրոններից մեկում։ Ծրագիրը հնարավորություն է տվել ծանոթանալու, թե ինչպես են գիտահետազոտական հաստատությունները, համալսարանները, տեխնոլոգիական կազմակերպությունները, ստարտափներն ու խոշոր արդյունաբերական ընկերությունները համագործակցում նոր տեխնոլոգիաների մշակման և դրանք շուկա հասցնելու ուղղությամբ։
Թուլուզում եռօրյա ծրագիրը ներառել է հանդիպումներ Aerospace Valley-ի և դրա DISTRICT աքսելերացիոն ծրագրի, Zephalto-ի, IRT Saint Exupéry-ի, ANITI-ի, U-Space-ի, Մոնպելյեի համալսարանական տիեզերական կենտրոնի (CSUM), Thales Alenia Space-ի, Airbus Defence and Space Intelligence-ի, Toulouse Tech Transfer-ի (SATT) և ISAE-SUPAERO-ի, ինչպես նաև ոլորտի այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ճանաչողական այցը ևս մեկ քայլ էր Հայաստանի և եվրոպական ավիատիեզերական էկոհամակարգի միջև համագործակցության ամրապնդման, ինչպես նաև գիտահետազոտական, նորարարական և ինստիտուցիոնալ նոր գործընկերությունների ձևավորման ուղղությամբ։
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ