logo

20 նոյեմբերի, 2023 թ.

լուրեր

Հայկական առաջին արբանյակի թռիչքին մնացին հաշված օրեր

Հայկական առաջին արբանյակի թռիչքին մնացին հաշված օրեր

Հայկական առաջին արբանյակի թռիչքին մնացին հաշված օրեր։ Դեկտեմբերի 1-ին, ժամը՝ 10։00 (ԱՄՆ ժամանակով), Վանդենբերգի տիեզերական ուժերի բազայից «SpaceX» հրթիռով տիեզերք կարձակվի «Հայասաթ 1»-ը։ Այն «CubeSat» ձևաչափի արբանյակ է։ Այս տեսակը տրամադրում է տիեզերք մուտք գործելու ծախսարդյունավետ միջոց և առաքելությունների ու հետազոտական աշխատանքների լայն շրջանակ՝ դարձնելով այս տարատեսակը տիեզերական հետազոտություների ոլորտի անբաժանելի մաս:


«Հայասաթ-1»-ի տեխնիկական բնութագիրը հետևյալն է․ այն ներառում է մի շարք ենթահամակարգեր, մասնավորապես նախատեսված էներգիայի բաշխման և հաղորդակցության համար, և բորտ համակարգիչ: Յուրաքանչյուր ենթահամակարգ անխափան կատարում է իր գործառույթը, ինչի ստեղծման, ինտեգրման ու գործարկման ուղղությամբ էլ աշխատել է մեր տեխնիկական թիմը։ Էներգասնուցման ենթահամակարգն օգտագործում է արևային վահանակներ էլեկտրաէներգիայի արտադրության համար, կուտակիչներ՝ էներգիան կուտակելու համար և էլեկտրոնային սարքավորում՝ էներգիայի բաշխման, կուտակիչների լիցքավորման և արբանյակի մոդուլների էլեկտրասնուցման լարումներն ապահովելու համար: Արևային վահանակների վրա տեղադրված լույսի տվիչները չափում են լույսի ինտենսիվությունը, իսկ մագնիսաչափերը կայունացնում և որոշում են արբանյակի կողմնորոշումը՝ փոխազդելով Երկրի մագնիսական դաշտի հետ: Երկկողմանի կապը «Բազումք» լաբորատորիայի վերգետնյա կայանի հետ թույլ է տալիս ստանալ տարբեր տվյալներ, այդ թվում՝ համակարգի վիճակի, տվիչների չափումների, կողմնորոշման, ուղեծրային շարժման վերաբերյալ, ինչպես նաև տվյալներ հաղորդելու, ռեժիմը փոփոխելու, բորտ-համակարգիչը վերագործարկելու, ներկառուցված ծրագրաշարը թարմացնելու և այլ գործողությունների համար արբանյակին հրահանգներ փոխանցել։

Ուղեծրային պարամետրերը, ջերմային վիճակը և ծանրաբեռվածությունը վերահսկվում են Հայաստանում մշակված սարքի միջոցով, որի հիմնական գործառույթը կողմնորոշման փոփոխությունների գրանցումն է: Կրող հրթիռից տարանջատվելուց հետո արբանյակն ինքնավար կերպով բացում է իր կապի ալեհավաքները և հեռարձակում պարբերական ազդանշաններ, որոնք պարունակում են հեռաչափական տվյալներ և մեղեդի հայկական երաժշտական գանձարանից: Բորտ-համակարգիչը ծառայում է որպես կենտրոնական վերահսկիչ՝ կառավարելով արբանյակի բոլոր գործառույթները:


Նախագիծը դեռ պետք է մի շարք մարտահրավերներ հաղթահարի մեր հիմնական նպատակին հասնելու ճանապարհին։ Այն է՝ ապացուցել, որ ՀՀ-ն իր ուժերով կարող է 0-ից տիեզերական համակարգ ստեղծել, որն էլ հիմք կդառնա հետագայում ավելի հավակնոտ պրոյեկտների ստեղծման համար։ Մեր նպատակը ոչ միայն արբանյակ ունենալն է, այլ նաև դրա շուրջ համակարգի ստեղծումը, ոչ միայն արբանյակի օգնությամբ տվյալների ստացումն է, այլև ամբողջական համակարգի կառավարումը։ Կան մի շարք ռիսկեր, որոնք կարող են խանգարել այս գործընթացին։ Ռիսկերից մեկը արբանյակին ոչ բավարար հոսանքի մատակարարումն է, ինչը կխանգարի թևերը բացելու գործընթացին։


Այս և մի շարք այլ մարտահրավերներ քննարկվում են թիմի կողմից՝ հնարավոր ռիսկերի նվազեցման ուղիներ գտնելու նպատակով։ «Հայասաթ-1» նախագիծն իրականացվում է երկու հիմնադրամների՝ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) կողմից։ Արբանյակն հաջողությամբ անցել է մի շարք փորձարկումներ Եվրոպայում և ԱՄՆ-ում և ներկայումս պատրաստվում է թռիչքին։ Թիմի համահիմնադիրներից Մասիսը նշում է. «Ես մանկուց հետաքրքրված եմ եղել տիեզերքով։ Մասնագիտություն ձեռք բերելուց հետո մի շարք մասնագետների ու մեծ թիմերի հետ եմ աշխատել, սակայն միշտ ցանկացել եմ օգնել հայրենիքիս։ 2020թ․-ի պատերազմից հետո հասկացա, որ կարող եմ կիրառել փորձս և ստեղծել այնպիսի մի բան, որը կօգնի հայրենիքիս զգալի առաջընթաց գրանցել։ Այսօր ես ուրախ եմ, որ այդ մեծ գործի մի մասն եմ։ Բոլորս անհամբեր սպասում ենք դեկտեմբերի 1-ի պատմական թռիչքին՝ Հայաստանի զարգացման և առաջընթացի մեր տեսլականը կյանքի կոչելու համար»։

Հայկական առաջին արբանյակի թռիչքին մնացին հաշված օրեր
Հայկական առաջին արբանյակի թռիչքին մնացին հաշված օրեր

Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ

Միացի՛ր մեր թիմին

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ