11 սեպտեմբերի, 2024 թ.
լուրեր
Երևանից Տորոնտո՝ նոր նվաճումների հետքերով
ՀԱՊՀ-ի և ԳՆԿԿ-ի ուսանողական թիմը մասնակցել է «Quanser» ընկերության կողմից կազմակերպված ինքնակառավարվող մեքենաների մրցույթին և զբաղեցրել երրորդ հորիզոնականը։ Մրցույթն անցկացվում է «American Control Conference 2024» հեղինակավոր գիտաժողովի շրջանակներում։ Հայաստանյան թիմը մրցույթում ներկայացրել են Աննա Բեկլարյանը, Լուսինե Բարսեղյանը, Վահագն Մակարյանը։ Մրցույթի ընթացքում մասնագիտական խորհուրդներով նրանց աջակցել է ԳՆԿԿ ավագ գիտաշխատող Աստղիկ Հակոբյանը։
Մրցույթի առաջին փուլի համար ուսանողներն ուսումնասիրել են առաջադեմ կառավարման ալգորիթմերի օրինակներ և համակարգչային տեսողության հիմունքները՝ լուծելու առաջադրված խնդիրը։ Աշխատանքի նպատակն էր՝ հնարավորինս արագ անցնել մրցուղին՝ խուսափելով խոչընդոտներից և մնալով ճանապարհային գոտում։ Բացի այդ, մեքենան պետք է ճանաչեր ճանապարհային նշանները և հետևեր ճանապարհային երթևեկության կանոններին։ Ուսանողները մշակել են բարդ բազմամոդուլային ալգորիթմ, որը համատեղում է երկրաչափական հետագծի պլանավորումը մոդելի կանխատեսմամբ կարգավորչի (MPC) հետ հետագծին օպտիմալ հետևելու և խոչընդոտները շրջանցելու համար: Այն լրացվում է ճանապարհային նշանները ճշգրիտ հայտնաբերելու նպատակով կիրառված մեքենայական ուսուցման մոդուլով:
Առաջին փուլի ավարտին, 31 վայրկյան արդյունքով, ՀԱՊՀ-ի և ԳՆԿԿ-ի թիմը 39 մասնակից թիմերից ընտրվեց հաջորդ փուլին մասնակցելու համար՝ հայտնվելով լավագույն տասնյակում․
Մրցույթի հաջորդ փուլը տեղի ունեցավ հուլիսի 12-15-ը՝ Տորոնտոյում։ Ընդամենը մի քանի օրում ուսանողները օգտագործել են առաջադեմ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են MPC-ն և համեմատական-ինտեգրող-դիֆերենցող (PID) կարգավորիչները՝ իրական մեքենայի վրա ճշգրիտ ուղուն հետևելու համար, YOLOv5 մեթոդը՝ լուսացույցի և կանգառի նշանների հայտնաբերման համար, և LIDAR և RGB-D տեսախցիկները՝ խոչընդոտներից ճիշտ կերպով խուսափելու համար։
Մրցույթի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել շփվելու աշխարհի տարբեր երկրների երիտասարդ գիտանականների հետ, փորձի փոխանակում իրականացնել և մասնագիտական աճ գրանցել։ Այն, իհարկե, լի է եղել նաև բարդություններով։ Մինչև Տորոնտո մեկնելը ֆիզիկական սարքը Երևան չի հասել, ուստի թիմը մեկնել է առանց որևէ իրական փորձարկման։ Այդուհանդերձ, այս և այլ դժվարությունները չեն խանգարել թիմին հավուր պատշաճի ներկայանալ և բարձր պահել Հայաստանի պատիվը։
Թիմի ավագ Էնդի Յունիսի համար թիմի ճանապարհորդությունը համագործակցության և նորարության յուրահատուկ խառնուրդ է եղել։ «Ինձ համար՝ որպես կրտսեր գիտաշխատողի, այս փորձն անչափ օգտակար է եղել: Նման տաղանդավոր և նվիրված թիմի հետ աշխատելը ոչ միայն խորացրեց իմ տեխնիկական գիտելիքները, այլև ցույց տվեց արդյունավետ համագործակցության արժեքը: Այս ճամփորդությունը սովորելու անգնահատելի հնարավորություն էր, որի շնորհիվ մենք ցուցադրեցինք մեր նվիրվածությունը և ինքնակառավարվող մեքենաների ոլորտում մեր փորձը»:
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ