31 հունվարի, 2025 թ.
լուրեր, սեմինար
Սեմինար մեկից ավելի ԱԹՍ-ների համակարգերի և «առաջատար-հետևորդ» դինամիկայի նոր ալգորիթմների ուսումնասիրման վերաբերյալ
2025 թվականի հունվարի 31-ին անցկացվեց սեմինար, որն ուղղված էր բազմաթիվ ԱԹՍ-ների համակարգերի համար ալգորիթմների մշակման ուսումնասիրմանը՝ ներկայացնելով նորարարական լուծումներ դինամիկ միջավայրերում բաշխված գործողությունների իրականացման համար: Սեմինարը ներկայացրեց ԳՆԿԿ կրտսեր հետազոտող Աննա Մանուչարյանը՝ անդրադառնալով ԱԹՍ-ների համատեղ աշխատանքի համար նախատեսված համակարգերի նախագծման մարտահրավերներին։ Դիտարկվեց անընդհատ փոփոխվող միջավայրում առաջատար գործակալին հետևելով ԱԹՍ-ների կողմից ընդհանուր առաքելության կատարումը:
Քննարկված հիմնական խնդիրներից մեկը «հետևորդների» կողմից «առաջատարի» շարժման ուղղությունը նախապես չիմանալով վերջինիս հետևելու դժվարությունն էր: Սեմինարի ընթացքում դիտարկվեցին իրական ժամանակում «հետևորդների» հետագծի հարմարեցման հնարավոր տարբերակներ, որոնք թույլ կտան նրանց արդյունավետորեն հետևել «առաջատարին»՝ միաժամանակ խուսափելով խոչընդոտներից և արձագանքելով ճանապարհին հանդիպող շեղումներին:
Քննարկման առանցքում ապակենտրոնացված կառավարումն էր, որտեղ յուրաքանչյուր «հետևորդ» ԱԹՍ լոկալ տեղեկատվության վրա հիմնված անկախ որոշումներ է կայացնում՝ հաշվի առնելով «առաջատարի» դիրքը, իր սեփական դիրքը և առաքելության նպատակակետը: Այս դեպքում «առաջատար» ԱԹՍ-ն, հետևում է նախանշված ուղուն՝ առանց համակարգային հաշվարկների անհրաժեշտության, մինչդեռ «հետևորդները» միմյանցից անկախ հաշվարկում են իրենց հետագծերը և որոշում կոնկրետ առաքելություններ իրականացնողներին:
Անդրադարձ կատարվեց նաև հուսալի հաղորդակցության համակարգերի կարևորությանը՝ դիտարկելով փոխանցվող տեղեկատվության, մասնավորապես «առաջատարի» և «հետևորդների» դիրքերի, առաքելության կոորդինատների դերը ԱԹՍ-ների խմբի անխափան գործունեության ապահովման հարցում:
Այս նորարարական մոտեցումը կարող է ԱԹՍ համակարգերի ոլորտում նշանակալի առաջընթաց ապահովել՝ ճանապարհ հարթելով հսկողության, որոնման, փրկարարական և մի շարք այլ ոլորտներում ավելի հարմարվողական, կայուն և ինքնավար առաքելությունների իրականացման համար:
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ