9 մարտի, 2026 թ.
լուրեր, սեմինար
Սեմինար «Շրջիկ պոպուլյացիաների միջին դաշտային խաղերի մոդել» թեմայով
Մարտի 9-ին, ժամը 17:00-ին, տեղի ունեցավ ԳՆԿԿ սեմինարների շարքի 5-րդ սեմինարը, որը նվիրված էր շրջիկ պոպուլյացիաների դինամիկայի մաթեմատիկական մոդելավորմանը՝ միջին դաշտային խաղերի տեսության շրջանակներում։
Սեմինարը վարել է ԳՆԿԿ թիմի անդամ, հետազոտող Իշխանուհի Հակոբյանը։ Ուսումնասիրությունն իրականացվել է ԳՆԿԿ առաջատար հետազոտող Տիգրան Բաքարյանի ղեկավարությամբ։ Զեկույցում դիտարկվել է շրջիկ պոպուլյացիաների հիշողությամբ պայմանավորված կոլեկտիվ վարքը միջին դաշտային խաղերի տեսության շրջանակում՝ համադրելով վերլուծական և թվային մոտեցումները։ Սեմինարի ընթացքում ներկայացվել է պոպուլյացիաների կողմից կոլեկտիվ շարժման որոշումների կայացումը՝ հիմնվելով ոչ միայն ներկա պայմանների, այլ նաև անցյալի «հիշողության» վրա և մոդելավորելով երկու հակադիր վարքային ռազմավարություն՝ նախկինում այցելած տարածքներ վերադառնալը և գերշահագործված տարածքներից խուսափելը։ Ստացված վերլուծական արդյունքները հաստատված են թվային մոդելավորումների միջոցով։
Ուսումնասիրությունն իրականացվել է պրոֆեսոր Դիոգո Գոմեսի (KAUST, SA) հետ համագործակցությամբ։
Խոսնակի մասին։
Իշխանուհին իր կարիերան սկսել է որպես համակարգչային տեսողության (Computer Vision) ինժեներ՝ աշխատելով մեքենայական ուսուցման և պատկերների մշակման խնդիրների ուղղությամբ։ Սակայն տեխնոլոգիական ոլորտում աշխատանքին զուգահեռ՝ մաթեմատիկական տեսության և հիմնարար հետազոտության նկատմամբ խորացող հետաքրքրությունը նրան դրդեց գիտական ուղի ընտրելու որոշում կայացնել։
Նա ստացել է բակալավրի աստիճան ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ուղղվածությամբ, ինչպես նաև մագիստրոսի աստիճան՝ կիրառական վիճակագրության և տվյալագիտության ոլորտում՝ ուսանելով Երևանի պետական համալսարանում(ԵՊՀ)։ Նրա մագիստրոսական թեզը (ԳՆԿԿ առաջատար հետազոտող Տիգրան Բաքարյանի ղեկավարությամբ) նվիրված էր բազմաբնակչային կարծիքների դինամիկայի (multi-population opinion dynamics) մաթեմատիկական մոդելավորմանը։
Այսօր Իշխանուհին հանդիսանում է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտ և ԳՆԿԿ գիտաշխատող՝ շարունակելով աշխատել Տիգրան Բաքարյանի ղեկավարությամբ։ Նրա հետազոտությունները կենտրոնացած են միջին դաշտային խաղերի (Mean Field Game) տեսության և փոխազդող դինամիկական համակարգերի մաթեմատիկական մոդելավորման ուսումնասիրման վրա։
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ