logo

15 սեպտեմբերի, 2023 թ.

լուրեր

Տիեզերքի գաղափարը միավորում է

Տիեզերքի գաղափարը միավորում է

ԳՆԿԿ-ն (Գիտական նորարարության և կրթության կենտրոն) ստեղծվել է 2021թ․-ին։ Այն նպատակ ունի Հայաստանում հիմնել ինքնավար կառավարման ոլորտում մասնագիտացող առաջնակարգ կենտրոն, ինչպես նաև, գիտնականների միջազգային ցանցի միջոցով, ստեղծել ռոբոտաշինության համաշխարհային հայկական կենտրոն։ Հիմնադրամի նպատակն է ուղղորդել ապագա գիտահետազոտողներին և ուսանողներին՝ առաջնորդելով նրանց նոր հետազոտական  խնդիրների ձևակերպման և մրցակցային մտածելակերպի ձևավորման ճանապարհին։ 2021թ-ի ընթացքում ԳՆԿԿ-ի և «Բազումք»-ի ունեցած քննարկումները հանգեցրին այն գաղափարին, որ վերջիններս միասին և սեփական ուժերով պետք է ստանձնեն Հայաստանում արբանյակ ստեղծելու առաքելությունը։ Այս կերպ սկսվեց Հայաստանում ստեղծված առաջին արբանյակի՝ «Հայասաթ-1»-ի պատմությունը։ 


Արբանյակի ստեղծումից առաջ անհրաժեշտ է պատրաստել դրա թեստային նմուշը, որի վրա էլ կիրականացվեն բոլոր փորձերն ու հաշվարկները, այնուհետ, արդյունքը կպրոյեկտվի իրական արբանյակի վրա։ Առաջինը երկրային նմուշն է, երկրորդը՝ թռիչքային։ «Երկրային նմուշի վրա մշակվում են ծրագրերը, համակարգերը, այդ ամենը փորձարկվում է, ինտեգրվում և միասին ստուգվում։ Այդ փուլերն ամբողջությամբ անցնելուց հետո, ֆիքսում ենք, թե որոնք են մոդելի վերջնական աշխատող հատվածները, ֆիքսում ենք ճիշտ աշխատող համակարգերը։ Միայն դրանից հետո բացում ենք իրական թռիչքային նմուշը, հանում տուփերից, սկսում դրա մեջ ներբեռնել համապատասխան ծրագրերը, տալ անհրաժեշտ միացումները։ Արդյունքում այն դառնում է պատրաստ, աշխատող համակարգ։ Աշխատում ենք շատ փորձարկումներ չանել թռիչքային մոդուլի վրա։»,- ասում է Վաչիկ Խաչատրյանը, ով «Բազումք»-ի համահիմնադիրներից է։ «Բազումք»-ի և ԳՆԿԿ-ի՝ ավելի քան 10 հոգուց կազմված թիմը Զովունիում՝ «Բազումք» լաբորատորիայում, մեկ տարի աշխատեց երկրային նմուշի վրա, ինչից հետո էլ սկսվեցին թռիչքային նմուշի հետ աշխատանքները։ Թռիչքային նմուշի հավաքումը տևեց մոտ մեկ ամիս, քանի որ ամեն բան նախապես փորձարկված ու հաշվարկված էր։ Թռիչքային նմուշի հետ աշխատանքների համար պահանջվում են հատուկ պայմաններ․ արբանյակը պետք է հավաքվի «մաքուր սենյակում»։ «Մաքուր սենյակը» հատուկ լաբորատորիա է, որտեղ փոշու կոնցենտրացիան կառավարելի է, իսկ կառավարելիության աստիճանը կախված է «մաքուր սենյակի» դասից։ Երբ, օրինակ, ասում են «1000 դասի մաքուր սենյակ», նշանակում է, որ այդ սենյակի յուրաքանչյուր 1 ոտնաչափ խորանարդում 0,5 միկրոմետրից մեծ փոշեհատիկների թիվը չպետք է գերազանցի 1000-ը։

Հենց այդ պատճառով էլ թիմը թռիչքային նմուշի հավաքման աշխատանքներն իրականացրեց Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի «մաքուր սենյակում»։ 


«Հայասաթ-1»-ի առանձին բաղադրիչները՝ ռադիոկապի և էներգասնուցման համակարգերը, ներքին համակարգիչը, արևային վահանակները, ձեռք էին բերվել արդեն պատրաստի վիճակում։ Այստեղ՝ Հայաստանում, իրականացվել է այդ բոլոր համակարգերի ինտեգրացիան։ Դա մանրակրկիտ ու բարդ աշխատանք էր․ անհրաժեշտ էր իրականացնել գերճշգրիտ հաշվարկներ, վերլուծություններ, ծրագրավորում, այնպես, որ բոլոր համակարգերը աշխատեն միասին և անխափան։ 


Տիեզերքի գաղափարը միավորում է
Տիեզերքի գաղափարը միավորում է

Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ

Միացի՛ր մեր թիմին

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ